«Եվ եղերական եղավ այդ լուսաբացը. 1991 թվականի
մայիսի 5-ի լույս 6-ի ոսկեպարյան ողբերգությունը մեր
նորօրյա պատմության արյունոտ էջերից մեկը դարձավ.․․»
Ի․Մամյան «Եղերական լուսաբաց»
Ավագ սերունդը ամեն անգամ սարսուռ է ապրում այս տողերն ընթերցելիս, որովհետև կրկին վերապրում է այն ահավոր ողբերգությունը, որ զգացինք 1991թ․ այն դաժան մայիսյան օրը ․․․ Ազերական ՕՄՕՆ-ը, սովետական բանակի հովանու ներքո, անասելի դաժանությամբ, վայրենությամբ սպանեց, խոշտանգեց, գերեվարեց Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը` քսան մարդ, չորս քաղաքացիական ուղեկիցներով։ Այդ օրը՝ եղերական լուսաբացին, Կատարքա սարի թիկունքում, դեպի շրջափակված Ոսկեպար հերթապահության շտապող կարգախմբից դաժանորեն սպանվեց տասնչորս հայ՝ ազգային պատկանելիության պատճառով ․․․
![](https://voskepar.com/wp-content/uploads/2024/04/IMG_20240407_003252_113-1-1024x790.jpg)
Այնքան ահավոր էր ոճրագործությունը, որ այն դաժան օրերին մարդու ուղեղը չէր կարողանում ընկալել կատարվածը, հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մարդ արարածը նման չարիք գործել իրենց ոչնչով չսպառնացող, առավոտյան թմբիրից նիրհող մարդկանց նկատմամբ։ Հետագա իրադարձություններից հետո պետք է ցնդեր սովետական «եղբայրության, բարեկամության » պարտադրված գաղափարը, և պետք է արթնանար գենետիկ հիշողությունը մեր ոչ բարով հարևանների իրական կերպարի մասին։
Հետո արդեն նորից պետք է ցնցվեինք, երբ այդ ահավոր ոճիրի հեղինակները և հովանավորները հայտարարեին, որ մեր տղաները խախտել են ազերստանի «պետական սահմանը» և հանցագործներ են։ Նորից պետք է մեր ուղեղը սղոցեր «ինպե՞ս, ինչու՞» հարցերը, մինչև, որ կբացեինք ՀԽՍՀ քարտեզը և կնկատեինք, որ սահմանի զիգզագներից մեկի սուր անկյունը մխրճվում է հայկական սահմանի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել եղերագործությունը․․․
Հետոն ուշ է լինում, երբ աղետն արդեն եղել է։ Հետոն հետոյի համար է միայն, որ անցյալից դասեր քաղենք և նույն սխալը նորից չկրկնենք։ Հետոն այսօրն է, երբ նորից ուզում ենք սովետական աղավաղված սահմանները դարձնել հիմք և մեր անվտանգությունը, մեր կյանքի, ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքները նորից հանձնել թշնամու ողորմածությանը։
![](https://voskepar.com/wp-content/uploads/2024/04/Screenshot-2024-04-07-at-00.45.04-1024x643.png)
Այսօր մեր հիշողությունը վերստին չպետք է մթագնի անիրատեսական երազանքներից և չպետք է մոռանանք ոչ վաղ անցյալի եղերական իրադարձությունները, մեր սուրբ նահատակներին։ Եվ հանուն նրա, որ այլևս այստեղ չխեղվեն ճակատագրեր, չպետք է թույլ տանք այս տարածքների զիջումը թշնամուն։ Այլապես՝ կհայտնվենք նույն իրավիճակում, որ տասնամյակներ առաջ էինք։ Ուղղակի իրավունք չունենք․․․
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը voskepar.com կայքին պարտադիր է: