ՈՍԿԵՊԱՐ

«Եվ եղերական եղավ այդ լուսաբացը. 1991 թվականի
մայիսի 5-ի լույս 6-ի ոսկեպարյան ողբերգությունը մեր
նորօրյա պատմության արյունոտ էջերից մեկը դարձավ.․․»
Ի․Մամյան «Եղերական լուսաբաց»


Ավագ սերունդը ամեն անգամ սարսուռ է ապրում այս տողերն ընթերցելիս, որովհետև կրկին վերապրում է այն  ահավոր ողբերգությունը, որ զգացինք 1991թ․ այն դաժան մայիսյան օրը ․․․ Ազերական ՕՄՕՆ-ը, սովետական բանակի հովանու ներքո, անասելի դաժանությամբ, վայրենությամբ սպանեց, խոշտանգեց, գերեվարեց Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը` քսան մարդ, չորս քաղաքացիական ուղեկիցներով։ Այդ օրը՝ եղերական  լուսաբացին, Կատարքա սարի թիկունքում, դեպի շրջափակված Ոսկեպար հերթապահության շտապող կարգախմբից դաժանորեն սպանվեց տասնչորս հայ՝ ազգային պատկանելիության պատճառով ․․․


Այնքան ահավոր էր ոճրագործությունը, որ այն դաժան օրերին մարդու ուղեղը չէր կարողանում ընկալել կատարվածը, հասկանալ, թե ինչպե՞ս կարող է մարդ արարածը նման չարիք գործել իրենց ոչնչով չսպառնացող, առավոտյան թմբիրից նիրհող մարդկանց նկատմամբ։ Հետագա իրադարձություններից հետո պետք է ցնդեր սովետական «եղբայրության, բարեկամության » պարտադրված գաղափարը, և պետք է արթնանար գենետիկ հիշողությունը մեր ոչ բարով հարևանների իրական կերպարի մասին։

Հետո արդեն նորից պետք է ցնցվեինք, երբ այդ ահավոր ոճիրի հեղինակները և հովանավորները հայտարարեին, որ մեր տղաները խախտել են ազերստանի «պետական սահմանը» և հանցագործներ են։ Նորից պետք է մեր ուղեղը սղոցեր «ինպե՞ս, ինչու՞» հարցերը, մինչև, որ կբացեինք ՀԽՍՀ քարտեզը և կնկատեինք, որ սահմանի զիգզագներից մեկի սուր անկյունը մխրճվում է հայկական սահմանի այն հատվածը, որտեղ տեղի էր ունեցել եղերագործությունը․․․ 

Հետոն ուշ է լինում, երբ աղետն արդեն եղել է։ Հետոն հետոյի համար է միայն, որ անցյալից դասեր քաղենք և նույն սխալը նորից չկրկնենք։ Հետոն այսօրն է, երբ նորից ուզում ենք սովետական աղավաղված սահմանները դարձնել հիմք և մեր անվտանգությունը, մեր կյանքի, ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքները նորից հանձնել թշնամու ողորմածությանը։


Այսօր մեր հիշողությունը վերստին չպետք է մթագնի անիրատեսական երազանքներից և չպետք է մոռանանք ոչ վաղ անցյալի եղերական իրադարձությունները, մեր սուրբ նահատակներին։ Եվ  հանուն նրա, որ այլևս այստեղ չխեղվեն ճակատագրեր, չպետք է թույլ տանք այս տարածքների զիջումը թշնամուն։ Այլապես՝ կհայտնվենք նույն իրավիճակում, որ տասնամյակներ առաջ էինք։ Ուղղակի իրավունք չունենք․․․


Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը voskepar.com կայքին պարտադիր է:

Բաժանորդագրվել

Ցանկանում եք ստանալ բոլոր նոր հոդվածները, գրանցվեք մեր նորություններին։

Տեղեկություն