ՈՍԿԵՊԱՐ

-Ա՛յ տղա, մեքենանան հանգիստ կքշես, պատուհանը բաց չթողես, մրսեցնես․․․ Ավտոյում չծխես, – անզուսպ անհանգստությամբ հրահանգում էր մայրը՝ անհուն գորովանքով հայացքով տնտղելով ջահել հարսին,որը վերջապես թոռնիկ էր պարգևելու իրեն։

 – Էն «արանքն» էլ աչքերդ չորս կանես, որ շուն-գել չհանդիպի,- չէր հանգստանում մայրը՝ աչք-ունքով հասկացնելով որդուն, թե ինչի՛ մասին է ասում։ 

Ժամանակները խառն էին, թուրքը նորից հայի բկին էր չոքել՝ մի կտոր հող պոկելու ակնկալիքով։ Չէր ուզում հարսի մոտ այդ մասին խոսի՝ հանկարծ  կվախենա, աստված չանի՝ մի բան չպատահի երեխային․․․

Մեքենան շարժվեց։ Մայրը երկա՜ր նայում էր մեքենայի հետևից, մինչև այն թաքնվեց ոլորանի ետևում։ Հոգին անափ ծովի նման ալեկոծվում էր այն մտքից, որ վերջապես թոռնիկ է ունենալու։ «Տեր Աստված, չորս տարի, չորս երկար ու ձիգ տարի սպասել եմ․․․ Փա՛ռքդ շատ» , – խորհում էր մայրը ու մեկ էլ մի չար միտք շանթում էր հոգին․ «Հանկարծ էդ շներին չհանդիպեն․․․» ։ 

    – Բերանդ խերով բաց, պապանձվես դու,- ինքն իրեն խուլ քրթմնջաց մայրը,- Տեր Աստված, դու լինես էրեխեքիս կռանը․․․

– Էդ ի՞նչ ես քեզ ու քեզ աղոթում, – որտեղից որտեղ հայտնվեց հարևան, Ազգանուշը։ 

– Գնա գործի՜դ, – աննկատ չանչեց հարևանին։ «Էս անտերի աչքը կտրող է, լավ է երեխեքիս չտեսավ»,- մտածեց մայրը և արագ-արագ մտավ տուն։ Սիրտն անհանգիստ էր, երեխաները ճամփին էին ու զրուցելու ցանկություն չուներ։
․․․
Լազիկը բարձր տրամադրության մեջ էր։ Ուրախ թեքվում էր, ղեկը մատների տակ դես-դեն պտտում, անընդհատ շրջվում էր դեպի կինը, ժպտում․․․ Ճանապարհը իր «հարյուր տարվա ճամփեն»  էր, ամեն փոսն ու ոլորանը գիտեր։ Մեքենան էլ, ոչինչ, գրեթե նոր էր, ինչպես ասում են՝ «քաշը տեղը»։ Բեռնատար էր, բայց «24»-ի հետ չէր փոխի։ Բեռն էլ ծանր չէր՝ պատուհանների շրջանակներ էին, պիտի տաներ քաղաքում թափեր, որ հաջորդ օրը գնային կնոջ բժշկուհուն հանդիպեին։  Ափսոս՝ ասֆալտի փոսերը շատ էին, արագ քշել չէր լինում։

– Ուզու՞մ ես աչքերս փակ քշեմ, – խորամանկ ժպիտով շրջվեց դեպի կինը։

– Շաշ, ճամփիդ նայիր, ինձ ամեն օր տեսնում ես․․․ 

Ամեն օր․․․ «Չորս տարի ամեն օր էս օրվան եմ սպասել, որ հայր պիտի դառնամ, ասում է ամեն օր,- մտքի մեջ ինքն իր հետ խոսելով՝ Լազիկը ղեկը դես ու դեն էր պտտում՝ ճարպկորեն խուսափելով փոսերից,- Էս մեր երկիրն էլ լրիվ սար ու ձոր է, որ մի քիչ հարթ լիներ, ի՞նչ կլիներ, որ․․․» ։

Շրջկենտրոնն անցել՝ ոլորաններով սարն էին բարձրանում։ Աղբյուրի մոտ կանգնեցին։

– Լավ ջուր է, Հեղինե,  խմիր, թարմանանք, գնանք․․․

Սառը ջուր վերցրին ու էլի՝ առաջ։ Սարն իջնելիս հերթական ոլորանում Լազիկն զգաց, որ մեքենայի ղեկը մի կողմ է «քաշում»։ Ճանապարհի եզրին կանգնեց, իջավ մեքենայից։ 

– Ի՞նչ եղավ, ինչու՞ կանգնեցիր,- ձայն տվեց Հեղինեն։

– Բան չկա, – հանգստացրեց կնոջը։ «Էս անտերն էլ ժամանակ գտավ,- անիվն էր ծակվել,- շուտ փոխեմ, մութը չընկնի, էդ արանքը լույսով անցնենք․․․»։ 

Նորից շարժվեցին, բայց Լազիկը ներքուստ անհանգիստ էր։ Մթնում էր, «էդ արանքն» էլ դեռ չէին անցել։

– Ու՞ր ենք  հասել, – ձայնեց կինը։ 

– Ոսկեպարի կամրջին ենք հասնում, բան չմանաց՝ անցնում ենք։

– Այստեղ վտանգավոր չի՞, – վախվորած հարցրեց կինը։

– Չէ, հա՜, Հեղին ջան, հրեն, սովետի բանակը կանգնած է, – հանգստացրեց կնոջը։ Բայց ներքուստ անհանգիստ էր․ «Գոնե մի մեքենա չկա, իրար հետ անցնենք էսքան տեղը» , – մտորում էր ինքն իրեն։ Ոսկեպարի կանգառն անցան, առջևում թուրքերի անասնապահական ֆերմաներն էին, անցան։ Կենդանության նշույլ չկար։ Ճանապարհի վերևում թփուտներ էին, մարդ չէր երևում։ Հանկարծ նկատեց, որ ճանապարհի մեջտեղում մի մեծ քար է ընկած, «Կողքով անցնել չի լինի, – մտածեց,- քանի շուտ է՝ շրջվեմ, հետ դառնամ»։  Հենց արգելակեց, աղջամուղջում նկատեց  ասես գետնի տակից հայտնված ազերի «օմոնականներին»․․․

– Այլա՛ն, սթայած, սթրելյած բուդու, – գոռում էին չորս կողմից։ 

Լազիկի համար ակնթարթորեն աշխարհը փուլ եկավ՝ կին, երեխա, որ պիտի ծնվեր, մայր, որ աչքը ճամփին պիտի մնար ցմահ․․․ Չհասցրեց գոնե կնոջը մի վերջին անգամ սեղմել կրծքին․․․ 

․․․

1991 թ․ աշնանային մի չարաբաստիկ երեկո Նոյեմբերյան – Իջևան մայրուղու Ոսկեպար – Կիրանց ճանապարհի ադրբեջանցիների կողմից վերահսկվող հատվածից առևանգվեցին և անհայտ կորան Այրում ավանի երկու բնակիչներ՝ Լազիկն ու Հեղինեն և նրանց չծնված երազանքը մնաց անկատար։ 

Միջպետական ճանապարհի այդ նույն հատվածից 1990-ականներին առևանգվեցին և անհայտ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ․․․ 


Հեղինակ՝ Հ․Ա․ 2020թ․


Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը voskepar.com կայքին պարտադիր է:

Բաժանորդագրվել

Ցանկանում եք ստանալ բոլոր նոր հոդվածները, գրանցվեք մեր նորություններին։

Տեղեկություն