«․․․ ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի
գավիթում, բայց չեմ հեռանա պապերից
ավանդ մնացած Սուրբ աթոռից » –
Գևորգ Ե Սուրենյանց, Կաթողիկոս Հայոց
106 տարի առաջ, երբ Հայաստան աշխարհին հերթական օրհասն էր պատել, երբ Ցեղասպանությունից մազապուրծ ու մի բուռ մնացած հայ ժողովրդի գլխին հերթական անգամ կախվել էր ցեղասպան թուրքի մահաբեր յաթաղանը, այսպես կոչեց իր ժողովրդին Հայոց Կաթողիկոս Գարեգին 5-րդը։
Թուրքը գրավել էր Ալեքսանդրապոլ- Գյումրին և արշավում էր դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան, վերջնականապես «լուծելու» հայկական հարցը։ Քայքայված ու անիշխան էր Հայաստանը, կոտրված ու հուսալքված՝ հայ ժողովուրդը․․․ Սակայն Հայոց Հայրապետի խոսքը դարձավ մարտակոչ, ողջ հայ ժողովուրդը ոտքի ելավ գոյամարտի։ Զորական ու գեղջուկ, զինված ու անզեն, կին ու տղամարդ ոտքի ելան իրենց պատիվն ու գոյության իրավունքը, իրենց հավատը պաշտպանելու թուրք հրոսակից։ Զօր ու գիշեր անդադար հնչում էին Հայոց եկեղեցիների զանգերը, կոչում մարտի․․․
Ու հաղթեց Հայը իր ոխերիմ թշնամուն, ստիպեց վերստին ճանաչել Հայ բազկի ուժը ու հենց այդ թշնամին առաջիններից մեկը ճանաչեց Հայոց վերածնված պետականությունը։
Այդպիսին է թուրքը՝ հարգում է ուժը, հաշվի նստում ուժեղի հետ ։ Հենց այս դասն է, որ պիտի սովորեինք ոչ վաղ անցյալի այս հերոսական դրվագից։
Այս առումով Սարդարապատի հերոսամարտի կարևորությունը ոչ միայն Հայոց պետականության վերածննդի մեջ է, այլ նաև նրանում, որ գրեթե առանց կանոնավոր բանակի, քայքայված ու կազմալուծված, Ցեղասպանության արյունը դեռևս իր մարմնից չսրբած ժողովուրդը իր մեջ ուժ գտավ կազմակերպվելու, բռունցքվելու և ջախջախելու թուրքական կանոնավոր բազմամարդ բանակին․․․
Տասնամյակներ անց Հայը իր մեջ ուժ գտավ կրկնելու իր սխրանքը, հաղթելու այս մի թուրքին ևս՝ իր ոչ բարով հարևանին, ազատագրել Արցախը, Շուշին, մեր պատմական սուրբ հողերը։
Ցավոք, այսօր նորից հայտնվել ենք պարտվածի, զիջողի կարգավիճակում մեր անմիաբաության, ազգային արժեքներն ուրանալու, օտարամոլության պատճառով․․․ Կրկին զիջում ենք, կորցնում, որովհետև այդպես էլ չսովորեցինք անցյալից դասեր քաղել։ Դրա համար էլ մեզ հեշտորեն կարողացան բաժան- բաժան անել, իրար դեմ հանել։
Եվ դրա համար էլ այսօր նորից պետք է կարևորենք Սարդարապատի հերոսամարտը և այնտեղ տարած մեր հաղթանակը։ Եվ նաև դրա համար այսօր այստեղ՝ մեր Սուրբ Աստվածածին եկեղեցու շուքի ներքո, մենք նշում ենք Սարդարապատի մեծ հերոսամարտի հաղթանակը և Հայոց պետականության վերածնունդը, նրա համար նահատակված հերոսների հիշատակը։ Քանզի մեր ամենամեծ սրբությունը մեր այս 1400- ամյա կոթողն է, մեր դարավոր գոյամարտի վկան ու զինակիցը, մեր հավերժական սահմանապահը։ Այսօր նորից հայ ժողովրդի առաջ ֆիզիկական ու հոգևոր գոյության լուրջ մարտահրավեր է ծառացել, մեզ մի Նոր Սարդարապատ է սպասվում, և խորհրդանշական է, որ վերստին Հայոց եկեղեցին է ստանձնել ազգի հոգևոր միասնության խնդիրը հանուն ֆիզիկական գոյատևման։
Ուստի այստեղ ենք, որ նորից հավաստենք, որ ինչքա՛ն էլ մեզ հարվածեն, մենք կանգուն ենք մնալու մեր Սուրբ Աստվածածին եկեղեցու նման, չենք զիջելու թշնամուն մեր այս մի բուռ դարձած սուրբ հողը։
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը voskepar.com կայքին պարտադիր է: