Մի խախտեք Ոսկեպարի երեխաների կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու և կրթության իրավունքները։
Մենք՝ Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև վարչապետի կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին հանձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ և դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանության շահագրգիռ կազմակերպություններին, միջազգային կառույցներին և հայ ժողովրդին․
Այսօր պետությունների «տարածքային ամբողջականության» թեզի տակ հրապարակի վրա են մեր բնակավայրերին հարակից տարածքների առանց որևէ երաշխիքի ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հրապարակային հայտարարությունները, որոնք ըստ էության հակասում են մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, մեր երեխաներին «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» տրվող կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու իրավունքները։
Կուլ գնալով Ադրբեջանի պահանջատիրական ագրեսիվ սպառնալիքներին՝ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է առանց որևէ հստակ երաշխիքի հարևան ոչ բարեկամական երկրի վերահսկողությանը հանձնել մեր բնակավայրերի հարակից տարածքները, որոնք մեր բնակավայրերի համար սոսկ տարածքներ չեն, այլ մեր բնակավայրերը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Մարզկենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ որպես այդպիսին չկան և նորը կառուցելու տարբերակներ նույնպես։ Տվյալ դեպքում խախտվում է մեր բնակիչների ազատ տեղաշարժման իրավունքը, իսկ Ոսկեպար բնակավայրը հայտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։
Միաժամանակ խախտվում է մեր բնակիչների կյանքի իրավունքը՝ ադրբեջանական զինված ուժերի դիրքերը ընդհուպ մոտենում են Ոսկեպարի բնակելի տներին մինչև 20 մ, դպրոցին՝ մինչև 100 մետր, ստանալով գերիշխող դիրք։ Խախտվում է նաև երեխաների կրթության իրավունքը։
Դեռևս 1990-անների պատերազմի ժամանակներից առայսօր ադրբեջանական կողմը դրսևորել է ագրեսիվ և հայատյաց քաղաքականություն, թալանել ավերել է Ոսկեպարի մի ողջ թաղամաս, միայն ճանապարհի այս հատվածից գերեվարվել և անհայտ կորել են 40-ից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնք առայսօր համարվում են անհայտ կորած։ Այս ամենից հետո ծագել է պատերազմ, որի արդյունքում ստեղծվել է անվտանգության գոտի սահմանային գյուղերի բնակիչների գոյատևման համար։
Այս իրավիճակում հայկական կողմի միակողմանի զիջումները և ադրբեջանական դիրքերի անթույլատրելի մոտեցումը մեր բնակավայրի բնակելի տներին և հասարարական շինություններին վտանգում է մեր բնակիչների կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու իրավունքները։ Միաժամանակ փակվում է Իջևան – Նոյեմբերյան միջպետական մայրուղին։
Արդյունքում՝ տարածաշրջանում անխուսափելի է դառնում հումանիտար ճգնաժամը։ Մարդիկ կամա-ակամա ստիպված կլինեն լքել իրենց հազարամյա բնակավայրը և մեր պատմա-մշակութային ողջ ժառանգությունը կանցնի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ և կկորսվի։
Այս ամենը հաշվի առնելով մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանության շահագրգիռ կազմակերպություններին, միջազգային կառույցներին և հայ ժողովրդին․
1․ Մերժել մեր բնակավայրերի բնակիչների կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու իրավունքները վտանգող տարածքային զիջումները Հայաստանի Հանրապետության կողմից․
2․ Ձայն բարձրացնել միջազգային համապատասխան կառույցների առաջ մեր բնակիչների կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու, կրթության իրավունքների պաշտպանության համար։
Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրը: Ձեր աջակցությունը կարող է օգնել պաշտպանելու Ոսկեպարի երեխաների կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, ազատորեն տեղից տեղ տեղափոխվելու և կրթության իրավունքները։
Ստորագրելու համար անցեք այս հղումով https://www.change.org/StandWithVoskepar կամ սկանավորեք QR կոդը։
- Անուն
- Ազգանուն
- էլեկտրոնային փոստ
Քվեարկելուց հետո կստանաք նամակ ձեր էլեկտրոնային փոստին, չմոռանաք հաստատել այն, այլապես ձեր քվեն չի հաշվվի կայքի կողմից։
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ։
Նկարի հեղինակ՝ Սեւադա Գրիգորյան